«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն (նախկինում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ) Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Արդեն մոտ մեկ ամբողջ տասնամյակ է ինչ ընկերությունը, հանդիսանալով  Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Ներկայումս ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում: Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է աշխատանքներ իրականացնել ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ:

Ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական բանկն է: 

Հայաստանի ֆոնդային բորսայի առաքելությունն է`արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հենց այս նպատակին են ուղղված, մասնավորապես, ֆոնդային բորսայի ցուցակման ծառայությունները:

 Հայաստանի ֆոնդային բորսան Եվրաասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է: 2008թ.-ից Հայաստանի ֆոնդային բորսան հանդիսանում է նաև Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի անդամ:

Ֆոնդային բորսան ապահովագրված է քաղաքացիական պատասխանատվությունից, ինչպես նաև հրդեհից և այլ վտանգներից, գույքի և բիզնեսի ընդհատումից:


Դիտել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքը:
Թարմացված է առ` 15.01.2019