Ցուցակումն ու արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը

Զարգացման հեռահար նպատակներ հետապնդող ցանկացած ընկերություն իր գործունեության այս կամ այն փուլում դիտարկում է հանրային դառնալու գործընթացը։ Եթե լսում եք, որ ընկերությունը նախատեսում է «բացվել», «բաց» կամ «հանրային» դառնալ, դա նշանակում է, որ ընկերությունը նախատեսել է իրականացնել արժեթղթերի հրապարակային առաջարկ (Initial Public Offering, IPO) և ցուցակվել ֆոնդային բորսայում:

IPO-ն գործըթաց է, որի ժամանակ ընկերության բաժնետոմսերն առաջին անգամ բաց, հրապարակային կարգով առաջարկվում են հանրությանը ֆոնդային բորսայի միջոցով:

Ընկերությունները կարող են ցուցակել` ֆոնդային բորսայում առևտրին թույլատրել իրենց արդեն իսկ թողարկված կամ նոր թողարկվող արժեթղթերը: Արժեթղթի բորսայում ցուցակված լինելը չի նշանակում, որ արժեթղթի շուկայական գինը շարունակ աճելու է, այդուհանդերձ, ցուցակման պահանջներին և չափանիշներին համապատասխանելու փաստն ինքնին դիտվում է իբրև տվյալ արժեթղթի «որակի» չափորոշիչ:

 

Ցուցակված հանրային ընկերություն լինելու առավելությունները

Ամբողջ աշխարհում IPO-ն վաղուց արդեն հանդիսանում է ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հիմնական աղբյուրներից մեկը:

Ահա թե ինչ կտա Ձեզ IPO-ի իրականացումը և բորսայում ցուցակումը։

  • Առաջին հերթին, IPO-ի միջոցով կարող եք ներգրավել կապիտալ` բիզնեսը ընդլայնելու և զարգացնելու համար,
  • բանկային վարկերի համեմատությամբ IPO-ի միջոցով ներգրավված ռեսուրսները  երկարաժամկետ են,
  • բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ու բորսայում ցուցակումը նպաստում են ընկերության թափանցիկության և վարկանիշի բարձրացմանը,
  • թողարկող ընկերությունն իր համար պատմություն է ստեղծում շուկայում. առաջին IPO-ն հաջողությամբ իրականացնելու դեպքում կապիտալի շուկայից ռեսուրսների հետագա ներգրավումն ավելի դյուրին է դառնում,
  • բորսայական շուկայում շրջանառվող արժեթղթերը, որպես կանոն ավելի իրացվելի են, ինչը հնարավորություն է տալիս սեփականատերերին ցանկության դեպքում անմիջապես վաճառել դրանք։

 

Ցուցակված հանրային ընկերության պարտավորությունները

Հարկ է իմանալ նաև, որ IPO-ն նաև բավականին ծախսատար գործընթաց է և ենթադրում է լուրջ պատասխանատվություն ընկերության համար: Այստեղ խոսքը միայն IPO-ի կազմակերպման միջնորդավճարներ վճարելու մասին չէ․ թողարկողը պետք է համապատասխանի կորպորատիվ կառավարման սկզբունքներին և լավագույն փորձին, ապահովելով ընկերության մշտական թափանցիկությունը: Այս նպատակով` բացի ամեն տարի անկախ աուդիտ անցնելուց, ընկերությունը պետք է ունենա մշտապես թարմացվող ինտերնետային կայք, ինչպես նաև ԶԼՄ-ների և ներդրողների հետ (Investor Relations) հաղորդակցությունների արդյունավետ համակարգ: Որքան մեծ է ոչ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը (տես «բաժնետոմսերի ազատ շրջանառող մաս»), այնքան ավելի շատ թվով ներդրողների առջև է հաշվետու թողարկող ընկերությունը:

2010թ.-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀՀ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որը Հայաստանի օրենսդրությամբ չկարգավորված կամ թերկարգավորված որոշակի հիմնախնդիրների վերաբերյալ սահմանում է դրույթներ, որոնք բխում են կորպորատիվ կառավարման լավագույն փորձից: Պատշաճ կորպորատիվ կառավարումը ընկերություններին հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց մրցունակությունը և տնտեսական արդյունավետությունը, ներգրավել տնտեսական աճի համար անհրաժեշտ ֆինանսներ, ինչպես նաև նպաստել ընկերության գործունեության մեջ օրինական շահ ունեցող շահառուների պաշտպանությանը և համագործակցությանը նրանց հետ:

 

Ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում

Առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու հիմնական առավելություններին.

  • բորսայական առևտրին թույլատրման ճկուն կառուցվածք. Ֆոնդային բորսայի “C” ազատ շուկան հնարավորություն է ընձեռում ընկերություններին առաջին քայլերը կատարել կապիտալի շուկայում՝ ստեղծելով շուկայում գործունեության իրենց պատմությունը և աստիճանաբար համապատասխանել ընկերության արժեթղթերը ցուցակման ավելի բարձր չափանիշներին,
  • ցուցակման չափանիշներն ու վճարների չափերը ադապտացված են հայկական շուկայի պայմաններին`ապահովելով օտարերկրյա բորսաների համեմատ ցուցակման գործընթացի ծախսային ավելի բարձր արդյունավետություն,
  • օտարերկրյա խորհրդատուների և բրոքերների կողմից գանձվող միջնորդավճարներից զգալիորեն ցածր միջնորդավճարներ, եթե սպասարկվում եք Հայաստանի կապիտալի շուկայում մասնագիտացված ծառայություններ տրամադրող Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ ընկերություններից որևէ մեկի կողմից,
  • լրացուցիչ լուսաբանում հայկական ԶԼՄ-ների կողմից, որն, իր հերթին, բարձրացնում է հասարակայնության ուշադրությունը ցուցակված ընկերության և նրա արտադրանքի ու ծառայությունների նկատմամբ,
  • մշտապես հասանելի օգնություն. Հայաստանի ֆոնդային բորսայի անձնակազմը միշտ պատրաստ է ընկերություններին անհրաժեշտ ցանկացած աջակցությունը տրամադրել` ցուցակման և ցուցակման պահպանման հետ առնչվող հարցերում:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել ցանկացող ընկերությունները անցնում են նախապատրաստական հետևյալ փուլերը.

  • ընկերության կառավարման լիազորված մարմինը (բաժնետերերի ընդհանուր ժողովը կամ դիտորդ խորհուրդը) որոշում է կայացնում դիմել բորսա` արժեթղթերի ցուցակման հայտով, 
  • մշակվում և ՀՀ Կենտրոնական բանկում (ՀՀ ԿԲ) գրանցվում է ազդագիրը,
  • բաժնետերերի ռեեստրի վարման պայմանագիր է կնքվում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) հետ,
  • ՀԿԴ-ն ցուցակվող/առևտրին թույլատրվող արժեթղթերին շնորհում է տարբերակիչ ծածկագիր,
  • ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով ներկայացվում է Հայաստանի ֆոնդային բորսային:

Այսպիսով, եթե մտածում եք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու մասին, ապա առաջարկում ենք ներբեռնել նաև ցուցակման հայտի ձևը, որը լրացվում և ներկայացվում է բորսային` ցուցակման կամ առևտրին թույլատրման գործընթացի շրջանակներում, ինչպես նաև Արժեթղթերի ցուցակման և/կամ առևտրին թույլտվության պայմանագրի ձևը: Փաստաթղթերը կարող եք գտնել էջի աջ մասում։

Պայամանագիրը թողարկող ընկերության հետ կնքվում է բորսայի կողմից ցուցակման հայտի հիման վրա արժեթղթերի ցուցակման կամ բորսայական առևտրին թույլատրման մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո:

Ցուցակման հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հայաստանի ֆոնդային բորսայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոնների 13-րդ գլխի 61-րդ կետում։  

Ցուցակման հայտը` կից բոլոր փաստաթղթերով Հայաստանի ֆոնդային բորսային պետք է ներկայացվի մեկ օրինակից` թղթային կրիչով, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման ղեկավարին` էլեկտրոնային փոստով:

Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման գործընթացի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ բորսայի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններում:

IPO իրականացնելու և բորսայում ցուցակվելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալ ցանկացող ընկերությունները կարող են դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման բաժին, հեռ.` +374 60 69 55 55 լրաց.191, ինչպես նաև բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնք միշտ պատրաստ են մասնագիտական խորհուրդ և օժանդակություն տրամադրել:

Թարմացված է առ` 12.03.2020