Կատեգորիա: Բորսա

Եվրասիական զարգացման բանկը դարձել է շուկայի մասնակից

24.08.2018

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ) շնորհել է պետական պարտատոմսերի շուկայի մասնակցի և արտարժույթի շուկայի մասնակցի կարգավիճակ։

Շուկայի մասնակցի կարգավիճակը ԵԱԶԲ-ին հնարավորություն է տալիս իրականացնել առևտուր բորսայում շրջանառվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով և մասնակցել արտարժույթի շուկայում կատարվող առևտրին:

ԵԱԶԲ-ում նշում են, որ բորսայի մասնակիցների կողմից անհրաժեշտ պահանջարկի դեպքում բանկը պատրաստ է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում հանդես գալ որպես շուկա ստեղծող՝ բանկի մասնակից երկրների ազգային արժույթների գործարքների գծով:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որ հիմնադրվել է 2006թ. հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացման, դրանց կայուն տնտեսական աճի ապահովման և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով: Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԵԱԶԲ-ի լիիրավ անդամ 2009-ին։ Բանկի մասնակից պետություններն են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը և Բելառուսը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամների և մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Թարմացված է առ` 24.08.2018