Կատեգորիա: Ցուցակում

Ինեկոբանկը ցուցակման է ներկայացրել 5 մլն․ ԱՄՆ դոլար և 1․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր

21.02.2019

Փետրվարի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման զանգը կազդարարի Ինեկոբանկի դոլարային և դրամային արժույթով պարտատոմսերի ցուցակումը:

            

«Ուրախ ենք տեղեկացնել, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում վաղաժամկետ ավարտել ենք պարտատոմսերի 2-րդ (INECB23ER6) և 3-րդ (INECB24ER4) տրանշների տեղաբաշխումը և սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացը: Ընդհանուր առմամբ նախատեսված 20 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 միլիարդ ՀՀ դրամ հայտարարած ծավալից արդեն իսկ տեղաբաշխվել են 10 միլիոն ԱՄՆ դոլար և 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր՝ այդ թվում նաև առաջին դոլարային տրանշը (INECB22ER8), որը ցուցակվել է 2018թ. սեպտեմբերին», - ասաց Ինեկոբանկի ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ընկերության դոլարային պարտատոմսերը (INECB3) կցուցակվեն 5 մլն․ ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ։ Սա Ինեկոբանկի երկրորդ դոլարային ցուցակումն է։

Դրամային պարտատոմսերը (INECB4) կցուցակվեն 1․5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 9․75% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Այս պարտատոմսերը, ինչպես և դոլարային պարտատոմսերն ընդգրկվելու են բորսայի Abond ցուցակման հարթակում։

Հայկ Ոսկանյանը հավելեց․«Թողարկումները լինելու են շարունակական, քանի որ բանկը վստահ քայլերով ամրապնդելու է իր դիրքերը նաև պարտատոմսերի շուկայում: Վստահ ենք, որ հերթական տրանշը ևս կլինի արդարացված, քանի որ վերջին տրանշների վաղաժամկետ տեղաբաշխումն ազդակ էր այն մասին, որ ներդրողների շրջանում կա բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկ՝ շնորհիվ Ինեկոբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահության»։

Ողջունելով Ինեկոբանկի նոր ցուցակումը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը նշեց․«Համոզված ենք, որ նման ակտիվությունը կբերի նշանակալի արդյունքներ ինչպես բանկի, այնպես էլ կապիտալի շուկայի համար»։

«Ընդհանրապես պարտատոմսերն ավելի ճկուն ֆինանսական գործիք են թե՛ ներդրողի, թե՛ թողարկողի համար։ Նաև այս պատճառով է, որ վերջին տարիներին  Հայաստանում պարտատոմսերի ցուցակումների խիստ աճ է նկատվում, որի արդյունքում աճում է նաև ցուցակված պարտատոմսերի երկրորդային շուկայի շրջանառությունը՝ նպաստելով արդյունավետ իրական շուկայական արժեքի ձևավորմանը», - հավելեց Միքայել Հայրապետյանը։

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է Ինեկոբանկի հետ 2009-ի փետրվարի 26-ից: Վերջինս նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է,  ինչպես նաև հանդիսանում է կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը սպասարկում է ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով: Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

Ինեկոբանկը սպասարկման որակը բարձրացնելու նպատակով 2014 թ․-ին ստեղծել է  InecoMobile բջջային հավելվածը, 2017-ին ներդրել է ամբողջությամբ ավտոմատացված վարկավորման գործընթաց իր հավելվածների շնորհիվ։ Իսկ նախորդ տարվանից գործում է նաև InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

 

Թարմացված է առ` 25.02.2019