Կատեգորիա: Բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան այցելեցին Գյումրի

16.05.2019

Մայիսի 14-ին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի թիմը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց սեմինար-հանդիպում Գյումրիում։

AMX-ի առևտրի աջակցման մասնագետ Սամվել Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր բաժնետոմսերի կամ պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավել ֆինանսական միջոցներ՝ օգտվելով ֆոնդային բորսայում արժեթղթերի առքուվաճառքի մեխանիզմից։ Ֆոնդային բորսայում կիրառվող այլ տեխնոլոգիաների մասին խոսեց AMX-ի մեթոդաբան Անահիտ Մուրադյանը։ Վերջինս մասնավորապես ներկայացրեց, թե ինչպես է գործում ներդրումային քրաուդֆանդինգը, ինչպես նաև gpminfin.am պետական պարտատոմսերի հարթակը, որտեղ անհատները կարող են առանց միջնորդ գնել և վաճառել պետական պարտատոմսեր։

Անդրադարձ եղավ նաև դեպոզիտար ծառայություններին։ Կենտրոնական դեպոզիտարիայի բիզնես ադմինստրատոր Կրոմվել Թումանյանը խոսեց արժեթղթերի պահառության և ռեեստրավարման մասին, թե ինչպես է դեպոզիտարիան պաշտպանում ներդրողների իրավունքները, նկարագրեց արտասահմանյան շուկա դուրս գալու և այնտեղից բաժնետոմսեր գնելու գործընթացի մանրամասները։

Բազմաբովանդակ հանդիպման վերջին քննարկումը նվիրված էր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հասմիկ Բադալյանը՝ պահառության ծառայությունների ավագ մասնագետ (կենսաթոշակային համակարգի գծով), ներկա գտնվողների հետ միասին քննարկեց, թե ինչպես է գործում համակարգը, և ինչպես իրենք կարող են կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները։

Մասնակից երիտասարդները ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցել ֆինանսական թեմաներով սեմինարների, այցելել մեր գրասենյակ և հետևել Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը։

       

Թարմացված է առ` 16.05.2019