Կատեգորիա: Ցուցակում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ 5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

05.06.2019

Հունիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։

Ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակումն ազդարարող զանգի հնչեցման արարողությանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը նշեց․ «Բանկի գործունեությունն արժեթղթերի շուկայում իրականացվում է մի շարք, այդ թվում` միջոցների ներգրավման նպատակով սեփական պարտատոմսերի թողարկման ուղղությամբ: Ներկայում բանկն ունի պարտատոմսերի 9 թողարկում` 8 մլրդ  ՀՀ դրամ, 36 մլն ԱՄՆ դոլար և 13 մլն եվրո: Բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ ներդրողները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն: Վերջինիս մասին է վկայում պարտատոմսերի վերջին տեղաբաշխման շրջանակում սահմանված ժամկետից շուտ դոլարային պարտատոմսերի ամբողջ ծավալով վաճառքը»։

Բանկի դոլարային պարտատոմսերը (SWISB2A) ցուցակվել են 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 72 ամիս շրջանառության ժամկետով, 6․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների կիսամյակային պարբերականությամբ։

«Ուրախ ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մեծ ակտիվություն է ցուցաբերում արժեթղթերի շուկայում՝ կատարելով իր կողմից թողարկված պարտատոմսերի հերթական ցուցակումը բորսայում, ինչպես նաև արդեն տևական ժամանակ գործելով որպես շուկա ստեղծող մի շարք կորպորատիվ արժեթղթերի և պետական պարտատոմսերի համար»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը։

Սա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի թողարկած պարտատոմսերի 10-րդ ցուցակումն էր AMX - Հայաստանի ֆոնդային բորսայում մինչ օրս։ Ավելին, բանկը բորսայում ցուցակման է ներկայացրել նաև 3 միլիոն եվրո ծավալով պարտատոմսեր, որոնք նախատեսվում է թույլատրել առևտրի հունիսի 10-ին։

«Բանկն արժեթղթերի շուկայում մատուցում է բրոքերային և պահառուական, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման համալիր ծառայություններ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն AMX-ում ներկայում իրականացնում է 7 թողարկման ուղենիշային պետական պարտատոմսերի և 14 թողարկման կորպորատիվ արժեթղթերի ամենօրյա երկկողմանի գնանշումներ (market making): Ընդ որում` բանկը 2018 թվականի ավարտի դրությամբ տիրապետում էր ՀՀ բանկային համակարգում ամենամեծ արժեթղթերի պորտֆելը, որը գերազանցում է 130 մլրդ ՀՀ դրամ», - հավելեց Կարեն Տուրյանը։

Կարևորելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայում  գործընկերների ներգրավվածությունը՝ Միքայել Հայրապետյանը հավելեց․ «Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կորպորտիվ պարտատոմսերի շուկան մեծ վերելք է ապրում թե՛ ցուցակումների քանակով, թե՛ շրջանառության ծավալներով։ Եվ մենք լիահույս ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ու մյուս ընկերությունների ակտիվությունն արժեթղթերի շուկայում լավ օրինակ կծառայի այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում ներգրավելու կամ ֆինանսավորումը դիվերսիֆիկացնելու մասին են մտածում»։

Բանկը 2007թ.-ի  սեպտեմբերի 13-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Երկու կողմերն էլ բարձր են գնահատում համագործակցությունը և դրա վառ օրինակն է այն հանգամանքը, որ այս տարի ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն արժանացել է «AMX բորսայի անդամ 2019» մրցանակաբաշխության «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019» և  «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019»  մրցանակներին:

Թարմացված է առ` 12.06.2019