Կատեգորիա: Բորսա

Գլխավոր տնօրենի ուղերձը՝ կապված COVID-19-ի և նրա ազդեցության հետ

02.04.2020

COVID-19-ի արագ տարածումը աշխարհի վրա թողել է նախադեպը չունեցող ազդեցություն հատկապես մի շարք ոլորտների վրա, որոնցից մեկն էլ արժեթղթերի շուկան է։

Այժմ մենք անցնում ենք բարդ ժամանակների միջով, որն իր հետ բերում է նոր մարտահրավերներ։ Բայց որքան էլ իրավիճակը ծանր լինի, մենք պետք է մտածենք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել մեր աշխատանքային միջավայրում և թե ինչը պետք է դառնա առաջնահերթություն կազմակերպության համար։ Մեզ համար առաջնային է կազմակերպության նվիրումը աշխատակիցների և գործընկերների ապահովությանը, որի համար էլ նախաձեռնել ենք հետևյալ նախազգուշական քայլերը․

  • Կազմակերպության գրասենյակի ախտահանում, պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների և հիգիենայի պահպանման այլ իրերի ապահովում
  • Աշխատակիցների մեծամասնության համար հեռավար աշխատանքի կազմակերպում և անհատական համակարգիչների տրամադրում
  • Վճարովի կարանտինային շրջան աշխատակիցների համար, որոնք վերադարձել են արտասահմանից
  • Հաճախորդների և գործընկերների հետ հանդիպումները տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ
  • Ներդրվել է ճկուն աշխատանքային ժամերի և հերթափոխով աշխատելու համակարգ
  • Մարդկային ռեսուրսների բաժինը պարբերաբար կազմակերպում է կրթական նյութեր և դասեր COVID-19-ի ազդեցությունից պաշտպանվելու համար

Մեր աշխատակիցների հեռավար և անխափան աշխատանքի համար ուղղված են բոլոր ռեսուրսները, որի շնորհիվ AMX թիմը շարունակում է ապահովել ծառայությունների նույն որակը։ Հետևաբար մեր գործընկերների և հաճախորդների հետ ամենօրյա աշխատանքը շարունակվում է նույն տեմպով և նվիրվածությամբ, միայն թե էլեկտրոնային հարթակում։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը ավելի է հեշտացել էլեկտրոնային ստորագրության և այլ հարմարությունների ստեղծման շնորհիվ։

Այս տարի AMX-ը սկսել է իր հեռանկարային նպատակների իրականացումը, որի վառ օրինակներից է պետական պարտատոմսերի աճուրդների նոր համակարգի ներդրումը։

2020 թվականի մարտի հարկային բարեփոխումներից բացի, Հայաստանի ֆոնդային բորսան կշարունակի արդյունավետ համագործակցությունը կառավարության և  կարգավորող ու վերահսկիչ մարմինների հետ, որպեսզի ներդրողներն ունենան ավելի հեշտ հասանելիություն դեպի արժեթղթերի շուկա։ Միաժամանակ, չնայած փոփոխվող աշխարհի մարտահրավերներին, մենք կշարունկենք հետևել մեր սկզբունքներին և աշխատելաոճին՝ համապատասխան կազմակերպության ռազմավարության։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

2001-ից ի վեր Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) տրամադրում է ավտոմատացված լուծումներ և ծառայություններ արժեթղթերի առևտրի համար։ Այժմ մեզ անդամակցում են ավելի քան 25 հայաստանյան և միջազգային ֆինանսական կազմակերպություն։

Մեր նպատակն է սատարել բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը և գրավել հայաստանյան ու միջազգային ներդրողների՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Հայաստանի ֆոնդային բորսայի առաքելությունն է`արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հենց այս նպատակին են ուղղված, մասնավորապես, ֆոնդային բորսայի ցուցակման ծառայությունները:

Հայաստանի ֆոնդային բորսան Եվրաասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է: 2008թ.-ից Հայաստանի ֆոնդային բորսան հանդիսանում է նաև Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի անդամ:

Ավելի մանրամասն կարող եք տեսնել amx.am կայքում։

Թարմացված է առ` 12.05.2020