Կատեգորիա: Բորսա

«Էվոկաբանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ ցուցակել է պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում

08.04.2021

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել Էվոկաբանկի պարտատոմսերի ցուցակման հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ բանկի ներկայացուցիչները հնչեցրել են ցուցակման զանգը՝ ազդարարելով ֆոնդային բորսայում առաջին անգամ Էվոկաբանկի պարտատոմսերի ցուցակումը։


Շնորհավորելով Էվոկաբանկի թիմին պարտատոմսերի առաջին ցուցակման կապակցությամբ՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նորանոր հաջողություններ մաղթեց բանկին արժեթղթերի շուկայում և նշեց․«Ուրախալի է տեսնել, որ Էվոկաբանկը, լինելով բորսայի անդամ և շուկայի մասնակից, այսուհետև հանդես է գալիս նաև արժեթղթեր թողարկող։ Հաշվի առնելով կորպորատիվ պարտատոմսերի բարձր պահանջարկը՝ համոզված եմ, որ բանկի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում լինելու է շատ ակտիվ։ 2020 թ․-ին ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը կազմել է 446 մլրդ դրամ՝ 106%-ով գերազանցելով  2019 թ․ ցուցանիշը, իսկ առևտրի ծավալը կազմել է 32 մրդ դրամ, որը 8,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի աճին նպաստող հանգամանքներից են հարկային բարելավումները։ Մինչև 2025 թ․ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից, բանկերի դեպքում՝ 24 ամիս և ավելի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտն ազատված է եկամտային հարկից։ Ցուցակված կազմակերպությունների շահաբաժինները նույնպես չեն հարկվում թե՛ ռեզիդենտների և թե՛ ոչ ռեզիդենտների համար»։

Կարևորելով կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը և արժեթղթերի շուկայում բանկի ակտիվությունը՝ Էվոկաբանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանն իր խոսքում նշեց. «Ուրախ ենք, որ մեր ներդրողների համար թողարկել ենք եկամտաբեր ֆինանսական նոր գործիք, որն այլընտրանք է դասական ավանդային պրոդուկտի նկատմամբ և ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես, պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, ինչպես նաև դրանցով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Նշեմ նաև, որ առաջին անգամ Հայաստանում մեր պարտատոմսերը հնարավոր է եղել ձեռք բերել օնլայն տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով»։

«Էվոկաբանկ» ՓԲԸ դրամային և դոլարային պարտատոմսերի տվյալ թողարկման ընդհանուր ծավալները կազմել են համապատասխանաբար 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 10% և 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։

Թարմացված է առ` 08.04.2021