Կատեգորիա: Բորսա

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

10.05.2017

2017թ. ապրիլի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան գործարկել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման գործընթացի սպասարկման առցանց (on-line) համակարգը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից՝ առանց որևէ գրասենյակ այցելության: Համակարգը գործարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի հետ համագործակցության շրջանակներում:

Ունենալով ID քարտ և անվճար գրանցվելով www.gp.minfin.am կայքում՝ ֆիզիկական անձինք կկարողանան ներդրումներ կատարել ոչ միայն գանձապետական խնայողական և կարճաժամկետ պարտատոմսերում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցում կատարված ներդրումներից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից:

Առցանց (on-line) համակարգին զուգահեռ շարունակում են գործել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերը, որտեղ ներդրողները կարող են ստանալ առցանց համակարգի կողմից առաջարկվող ծառայություններն, ինչպես նաև գրանցվել առցանց համակարգում, եթե չունեն ID քարտ:

Շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված համակարգի՝ ներդրողը պարտատոմսի դիմաց վճարումն իրականացնում է անձամբ՝ իր պլաստիկ քարտի միջոցով: Համակարգում գրանցումը և գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար:

Պետական պարտատոմսերի աճուրդների վերբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել մեր կայքի «ՊՊ աճուրդներ» բաժնում:

Թարմացված է առ` 10.05.2017