Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի մի շարք եզրույթների բացատրություն
Ազդագիր (prospectus) | Թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը մասնակցելու դրանց առևտրին։ |
Ածանցյալ արժեթուղթ (derivative security) | Ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման իրավունքը, պարտավորությունը հավաստող արժեթուղթ է (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, տոկոսային և արժութային սվոպներ և այլն): |
Ակտիվներ (assets) | Միջոցներ, որոնց օգտագործումից ձեռնարկությունն ակնկալում է ստանալ տնտեսական օգուտներ: Իրենց բովանդակությամբ լինում են ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվներ: Այլ կերպ ասած, ակտիվները ձեռնարկությանը պատկանող բոլոր արժեքներն են՝ դրամական գնահատմամբ արտահայտված: |
Անվանական արժեք (nominal value) | Պարտատոմսի կամ արժեթղթի վրա նշված գինը: Մարման ժամկետը հասնելիս՝ պարտքային պարտավորությունը մարվում է իր անվանական արժեքով։ |
Առաջնային հրապարակային առաջարկ (IPO) | Ընկերության բաժնետոմսերի առաջին վաճառքն է հանրությանը։ |
Արժեթուղթ (security) | Ֆինանսական գործիք է, որը հաստատում է ներդրողի սեփականության իրավունքը և/կամ արժեթուղթ թողարկած ընկերության պարտավորությունը ներդրողի նկատմամբ։ Ֆոնդային բորսայի առևտրի տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։ |
Արժեթղթերի շուկա (stock/securities market) | Ֆինանսական շուկայի այն հատվածը, որն ըդգրկում է արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության հետ կապված փոխհարաբերությունների համակարգը: |
Արժեթղթերի պահառություն (securities custody) | Կազմակերպության կամ անհատների ակտիվների պահպանումն է։ Արժեթղթերի և այլ ակտիվների պահառուն Հայաստանում Կենտրոնական դեպոզիտարիան է, որնանմիջականորեն կամ իր ենթապահառուների միջոցով ապահովում է անվանական արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների օրինական գրանցումը և փոխանցումը: |
Բաժնետոմս (stock) | Այն արժեթուղթն է, որն իրավունք է տալիս ստանալ բաժնետիրական ընկերության շահութաբաժին, մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը և ստանալ նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս։ |
Բաժնեմաս (share) | Կապիտալի անբաժանելի մաս, որն արտահայտում է բաժնետիրոջ և կազմակերպության սեփականության հարաբերությունը։ |
Բորսա (securities exchange) | Բորսան շուկա է, որտեղ արժեթղթեր, ապրանքներ, ածանցյալ արժեթղթեր և այլ ֆինանսական գործիքներ են շրջանառվում։ Բորսայի հիմնական գործառույթն արդար և կանոնակարգված առևտրի իրականացման, ինչպես նաև գնային տեղեկատվության արդյունավետ տարածման ապահովումն է։ Կազմակերպությունները և պետությունը կարող են թողարկել պարտատոմս (պարտք ներգրավելու համար) և բաժնետոմս (բաժնեմասի դիմաց կապիտալ/ներդրում ներգրավելու համար) ու վաճառել բորսայի հարթակում, իսկ անհատներն ու իրավաբանական անձիք հնարավորություն են ստանում ուղղակիորեն ներդնել իրենց խնայողությունները տվյալ գործիքների մեջ։ Արդյունքում բորսան դառնում է ֆինանսական միջոցներ ներգրավելու և ներդրումներ կատարելու առավել էժան, հարմար ու թափանցիկ աղբյուր՝ անմիջականորեն նպաստելով երկրում տնտեսական աճին։ Հայաստանում միակ բորսան AMX Հայաստանի ֆոնդային բորսան է, որը նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։ |
Դեպոզիտարիա (depository) | Պահառու կազմակերպություն, որն ի պահ է ընդունում արժեթղթերը և նպաստում է արժեթղթերով առևտրի կազմակերպմանը։ Դեպոզիտարիաներն առաջացել են որպես հաճախորդների արժեթղթերի պահառուներ, սակայն ժամանակի ընթացքում ընդլայնել են իրենց գործունեության ոլորտը և սկսել մատուցել արժեթղթերի սեփականատերերի հաշվառման, սեփականության իրավունքի ամրագրման կամ այդ իրավունքն այլ անձանց փոխանցման կազմակերպման գծով ծառայություններ: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է ռեեստրավարման, պահառության, քլիրինգի և վերջնահաշվարկի կազմակերպման գործառույթները (թողարկողների, նրանց թողարկված արժեթղթերի, արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության գրանցում և պահպանում, արժեթղթերի և դրամական հաշիվների սպասարկում՝ փոխանցումներ, դեպոնացում, գրավադրում և այլն) կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարում և ակտիվների պահառություն։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։ |
Եկամուտ (income) | Որոշակի ժամանակաշրջանում ստացված բոլոր տեսակի տնտեսական շահերի ստացման աճն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի ավելացմանը, բացառությամբ բաժնետերերի կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների գումարի չափի: Այլ կերպ ասած' եկամուտը իրացումից հասույթի եւ այլ եկամուտների հանրագումարն է։ |
Եկամտաբերություն (yield) | Ներդրման տարեկան եկամտի չափը՝ հիմնականում արտահայտված ներդրված գումարի տոկոսադրույքով։ |
Երկրորդային շուկա (secondary market) | Նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունն է, դրանց գոյության ամբողջ ժամանակահատվածում նրա առք ու վաճառքի կամ արժեթղթի մի սեփականատիրոջից մյուսին այլ միջոցներով փոխանցման գործողությունների համախումբը: Այլ կերպ ասած, դա շուկա է, որտեղ շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը, ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ: Այս շուկայում առուծախի գործառնությունները կատարվում են սկզբնական պարտատեր չհանդիսացող անձանց եւ փոխատուների միջև: Երկրորդային շուկայի դերը հիմնականում կատարում է արժեթղթերի բորսան, քանի որ նոր թողարկումները կազմում են նրա շրջանառության միայն մի փոքր մասը: |
Թողարկում (issue) | Շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելն ու դրանց առաջին իրացման գործառնությունն է: |
Կարգավորվող շուկա |
Կարգավորվող շուկան կազմակերպական, իրավական և տեխնիկական կարգավորումների ամբողություն է, որը նպաստում է ֆինանսական գործիքներով առևտրին բաց և կանոնավոր ձևով։ |
Շահութաբաժին (dividend) | Որոշակի գումար, որը կազմակերպությունն իր շահույթից վճարում է բաժնետերերին։ |
Պարտատոմս (bond) | Արժեթուղթ, որը ներդրողին իրավունք է տալիս պարտատոմս թողարկողից պարբերաբար ստանալ տոկոսային եկամուտ, իսկ մարման ՝ժամանակ՝ միանվագ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը։ Հայաստանում ներկայում շրջանառվում են պետական և կորպորատիվ պարտատոմսեր։ |
Ռեպո (repo) | Համաձայնագիր է, որն իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառության տեսակ: Այն երկու կողմերից բաղկացած ֆինանսական գործարք է, որի մասնակիցներից մեկն արժեթղթերը կամ ապրանքերը վաճառում է մյուս կողմին և միաժամանակ իր վրա պարտավորություն է վերցնում դրանք ետ գնել սահմանված ժամկետում կամ երկրորդ կողմի պահանջի դեպքում: |
Տեղաբաշխում (placement) | Արժեթղթերի առաջին օտարումն է վաճառքի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և թողարկողի (էմիտենտի) կանոնադրությամբ նախատեսված այլ ձևերով: |
Կենսաթոշակային ֆոնդ (pension fund) | Այն ակտիվներն են, որոնք փայերի տեսքով կուտակվում են գործատուի, մասնակցի և պետության հատկացումների արդյունքում։ Ներկայում Հայաստանում գոյություն ունի 3 տեսակ կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային։ Ֆոնդի կառավարիչները երկուսն են, հետևաբար կա 6 տեսակի կենսաթոշակային ֆոնդ։ Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ունի իր կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, գանձվող վճարների տեսակները և չափերը և այլ էական պայմաններ։ Ֆոնդի կանոնները սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցում է Կենտրոնական բանկը և հրապարակում։ |
Հաշվի օպերատոր (account operator) | Միջնորդ հանդիսացող կազմակերպություններ, որոնց միջոցով Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է իր ծառայությունները։ Հաշվի օպերատորների ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների ցանկը հասանելի է այստեղ։ |
Ռեեստրավարում (registry keeping) | Գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն։ |
Վերջնահաշվարկ (settlement) | Գումարի փոխանակում արժեթղթի դիմաց առևտրի նույն օրը կամ նրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում։ |
Ցուցակում (listing) | Արժեթղթերի՝ բորսայում շրջանառության թույլատրման գործընթացն է ։ Ընկերությունը կարող է բորսայում ցուցակման ներկայացնել իր թողարկած բաժնետոմսերը, պարտատոմսերը և այլ արժեթղթեր։ |
Փայ (lot) | Ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է, որ Դուք հանդիսանում եք կենսաթոշակային ֆոնդի փայատեր: Ֆոնդի փայը ձեռք է բերվում կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին: Oրինակ` եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ 1 փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ: |
Քլիրինգ (clearing) | Ֆոնդերի անցումը վաճառողին և արժեթղթերի փոխանցումը գնորդին։ Արժեթղթերի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև առաջացած փոխադարձ պահանջների ու պարտավորությունների հաշվանցումն է անկանխիկ հաշվարկների միջոցով: Տարբեր օպցիոնների, ֆյուչրզների և արժեթղթերի համաձայնեցված առքուվաճառքի գործընթացն է, ինչպես նաև դրամական միջոցների փոխանցումը մի ֆինանսական համակարգից մյուսը։ Գործընթացը ապահովում է համապատասխան ֆոնդերի առկայությունը, գրանցում է փոխանցումները և արժեթղթերի դեպքում ապահովում է արժեթղթի փոխանցումը գնորդին։ |
Ֆոնդի կառավարիչ (fund manager) | Որպես պայմանագրային ներդրումային ֆոնդ` կենսաթոշակային ֆոնդի միջոցով գումարները տրամադրում եք մասնագիտացված կառավարչին, իսկ կառավարիչը միավորում է այդ գումարները և կառավարում որպես մեկ միասնական պորտֆել՝ ի շահ ներդրողների (ի շահ ձեզ): Հայաստանում գործում են երկու ֆոնդի կառավարիչներ՝ Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ և Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա։ |
Ֆինանսական գործիք (financial instrument) | Ֆինանսական գործիքը պայմանագիր է, որը մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուսում՝ ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք։ Հայաստանի ֆոնդային բորսայի կայքէջում կարող եք տեսնել ֆինանսական գործիքներն այստեղ։ |
Օգտագործված գրականություն՝
- Բայադյան Ա․ Ֆինանասական բացատրական բառարան , Երևան, 2004, 334 էջ
- Կիրակոսյան Գ․, Ղուշչյան Հ․, Տիգրանյան Ի․ Տնտեսգիտական բացատրական բառարան, Երևան, 1999, 464 էջ
- Առևտրի ընդհանուր կանոններ, Հայաստանի ֆոնդային բորսայի կանոններ
- Banks E. 2010. The Palgrave Macmillan Dictionary of Finance, Investment and Banking. Springer, New York, 565pp.
- Investopedia, Financial terms, https://www.investopedia.com/. Accessed July 1, 2019
- Regulated Market https://www.nasdaq.com/solutions/baltic-markets. Accessed October 14, 2019
- Russel J. 2005. Dictionary of Banking and Finance. A & C Black Publishers Ltd, London, 400pp.
- Virginia B. Morris Kenneth M. Morris 2007. Dictionary of Financial Terms. Lightbulb Press, Inc., New York, 224pp.
Հայաստանի ֆոնդային բորսան պատասխանատվություն չի կրում նշված հղումների բովանդակության ստույգության, և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։
Armenia Securities Exchange