Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի մի շարք եզրույթների բացատրություն

Ազդագիր (prospectus) - Թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը մասնակցելու դրանց առևտրին։

Ածանցյալ արժեթուղթ (derivative security) - Ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման իրավունքը, պարտավորությունը հավաստող արժեթուղթ է (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, տոկոսային և արժութային սվոպներ և այլն):

Ակտիվներ (assets) - Միջոցներ, որոնց օգտագործումից ձեռնարկությունն ակնկալում է ստանալ տնտեսական օգուտներ: Իրենց բովանդակությամբ լինում են ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվներ: Այլ կերպ ասած, ակտիվները ձեռնարկությանը պատկանող բոլոր արժեքներն են՝ դրամական գնահատմամբ արտահայտված:

Անվանական արժեք (nominal value) - Պարտատոմսի կամ արժեթղթի վրա նշված գինը: Մարման ժամկետը հասնելիս՝ պարտքային պարտավորությունը մարվում է իր անվանական արժեքով։

Առաջնային հրապարակային առաջարկ (IPO) - Ընկերության բաժնետոմսերի առաջին վաճառքն է հանրությանը։

Արժեթուղթ (security) - Ֆինանսական գործիք է, որը հաստատում է ներդրողի սեփականության իրավունքը և/կամ արժեթուղթ թողարկած ընկերության պարտավորությունը ներդրողի նկատմամբ։ Ֆոնդային բորսայի առևտրի տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արժեթղթերի շուկա (stock/securities market) - Ֆինանսական շուկայի այն հատվածը, որն ըդգրկում է  արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության հետ կապված փոխհարաբերությունների համակարգը:

Արժեթղթերի պահառություն (securities custody) - Կազմակերպության կամ անհատների ակտիվների պահպանումն է։ Արժեթղթերի և այլ ակտիվների պահառուն Հայաստանում Կենտրոնական դեպոզիտարիան է, որնանմիջականորեն կամ իր ենթապահառուների միջոցով ապահովում է անվանական արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների օրինական գրանցումը և փոխանցումը:

Բաժնետոմս (stock) - Այն արժեթուղթն է, որն իրավունք է տալիս ստանալ բաժնետիրական ընկերության շահութաբաժին, մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը և ստանալ նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս։

Բաժնեմաս (share) - Կապիտալի անբաժանելի մաս, որն արտահայտում է բաժնետիրոջ և կազմակերպության սեփականության հարաբերությունը։

Բորսա (securities exchange) - Բորսան շուկա է, որտեղ արժեթղթեր, ապրանքներ, ածանցյալ արժեթղթեր և այլ ֆինանսական գործիքներ են շրջանառվում։ Բորսայի հիմնական գործառույթն արդար և կանոնակարգված առևտրի իրականացման, ինչպես նաև գնային տեղեկատվության արդյունավետ տարածման ապահովումն է։ Կազմակերպությունները և պետությունը կարող են թողարկել պարտատոմս (պարտք ներգրավելու համար) և բաժնետոմս (բաժնեմասի դիմաց կապիտալ/ներդրում ներգրավելու համար) ու վաճառել բորսայի հարթակում, իսկ անհատներն ու իրավաբանական անձիք հնարավորություն են ստանում ուղղակիորեն ներդնել իրենց խնայողությունները տվյալ գործիքների մեջ։ Արդյունքում բորսան դառնում է ֆինանսական միջոցներ ներգրավելու և ներդրումներ կատարելու առավել էժան, հարմար ու թափանցիկ աղբյուր՝ անմիջականորեն նպաստելով երկրում տնտեսական աճին։ Հայաստանում միակ բորսան AMX Հայաստանի ֆոնդային բորսան է, որը նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։

Դեպոզիտարիա (depository) - պահառու կազմակերպություն, որն ի պահ է ընդունում արժեթղթերը և նպաստում է արժեթղթերով առևտրի կազմակերպմանը։ Դեպոզիտարիաներն առաջացել են որպես հաճախորդների արժեթղթերի պահառուներ, սակայն ժամանակի ընթացքում ընդլայնել են իրենց գործունեության ոլորտը և սկսել մատուցել արժեթղթերի սեփականատերերի հաշվառման, սեփականության իրավունքի ամրագրման կամ այդ իրավունքն այլ անձանց փոխանցման կազմակերպման գծով ծառայություններ: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է ռեեստրավարման, պահառության, քլիրինգի և վերջնահաշվարկի կազմակերպման գործառույթները (թողարկողների, նրանց թողարկված արժեթղթերի, արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության գրանցում և պահպանում, արժեթղթերի և դրամական հաշիվների սպասարկում՝ փոխանցումներ, դեպոնացում, գրավադրում և այլն) կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարում և ակտիվների պահառություն։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին կարող եք իմանալ ավելին այստեղ։

Եկամուտ (income) - Որոշակի ժամանակաշրջանում ստացված բոլոր տեսակի տնտեսական շահերի ստացման աճն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի ավելացմանը, բացառությամբ բաժնետերերի կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների գումարի չափի: Այլ կերպ ասած' եկամուտը իրացումից հասույթի եւ այլ եկամուտների հանրագումարն է։

Եկամտաբերություն (yield)- Ներդրման տարեկան եկամտի չափը՝ հիմնականում արտահայտված ներդրված գումարի տոկոսադրույքով։

Երկրորդային շուկա (secondary market) - Նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունն է, դրանց գոյության ամբողջ ժամանակահատվածում նրա առք ու վաճառքի կամ արժեթղթի մի սեփականատիրոջից մյուսին այլ միջոցներով փոխանցման գործողությունների համախումբը: Այլ կերպ ասած, դա շուկա է, որտեղ շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը, ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ: Այս շուկայում առուծախի գործառնությունները կատարվում են սկզբնական պարտատեր չհանդիսացող անձանց եւ փոխատուների միջև: Երկրորդային շուկայի դերը հիմնականում կատարում է արժեթղթերի բորսան, քանի որ նոր թողարկումները կազմում են նրա շրջանառության միայն մի փոքր մասը:

Թողարկում (issue) - Շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելն ու դրանց առաջին իրացման գործառնությունն է:

Շահութաբաժին (dividend) - Որոշակի գումար, որը կազմակերպությունն իր շահույթից վճարում է բաժնետերերին։

Պարտատոմս (bond) - Արժեթուղթ, որը ներդրողին իրավունք է տալիս պարտատոմս թողարկողից պարբերաբար ստանալ տոկոսային եկամուտ, իսկ մարման ՝ժամանակ՝ միանվագ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը։ Հայաստանում ներկայում շրջանառվում են պետական և կորպորատիվ պարտատոմսեր։

Ռեպո (repo) - Համաձայնագիր է, որն իրենից ներկայացնում է կարճաժամկետ փոխառության տեսակ: Այն երկու կողմերից բաղկացած ֆինանսական գործարք է, որի մասնակիցներից մեկն արժեթղթերը կամ ապրանքերը վաճառում է մյուս կողմին և միաժամանակ իր վրա պարտավորություն է վերցնում դրանք ետ գնել սահմանված ժամկետում կամ երկրորդ կողմի պահանջի դեպքում:

Տեղաբաշխում (placement) - Արժեթղթերի առաջին օտարումն է վաճառքի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և թողարկողի (էմիտենտի) կանոնադրությամբ նախատեսված այլ ձևերով:

Կենսաթոշակային ֆոնդ (pension fund) - Այն ակտիվներն են, որոնք փայերի տեսքով կուտակվում են գործատուի, մասնակցի և պետության հատկացումների արդյունքում։  Ներկայում Հայաստանում գոյություն ունի 3 տեսակ  կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային։ Ֆոնդի կառավարիչները երկուսն են, հետևաբար կա 6 տեսակի կենսաթոշակային ֆոնդ։ Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ունի իր կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, գանձվող վճարների տեսակները և չափերը և այլ էական պայմաններ։ Ֆոնդի կանոնները սահմանում է տվյալ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցում է Կենտրոնական բանկը և հրապարակում։

Հաշվի օպերատոր (account operator) - Միջնորդ հանդիսացող կազմակերպություններ, որոնց միջոցով Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է իր ծառայությունները։ Հաշվի օպերատորների ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների ցանկը հասանելի է այստեղ։

Ռեեստրավարում (registry keeping) - Գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն։

Վերջնահաշվարկ (settlement) - Գումարի փոխանակում արժեթղթի դիմաց առևտրի նույն օրը կամ նրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Ցուցակում (listing) - Արժեթղթերի՝ բորսայում շրջանառության թույլատրման գործընթացն է ։ Ընկերությունը կարող է բորսայում ցուցակման ներկայացնել իր թողարկած բաժնետոմսերը, պարտատոմսերը և այլ արժեթղթեր։

Փայ (lot) - Ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է, որ Դուք հանդիսանում եք կենսաթոշակային ֆոնդի փայատեր: Ֆոնդի փայը ձեռք է բերվում կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին: Oրինակ` եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ 1 փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ:

Քլիրինգ (clearing) - Ֆոնդերի անցումը վաճառողին և արժեթղթերի փոխանցումը գնորդին։ Արժեթղթերի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև առաջացած փոխադարձ պահանջների ու պարտավորությունների հաշվանցումն է անկանխիկ հաշվարկների միջոցով: Տարբեր օպցիոնների, ֆյուչրզների և արժեթղթերի համաձայնեցված առքուվաճառքի գործընթացն է, ինչպես նաև դրամական միջոցների փոխանցումը մի ֆինանսական համակարգից մյուսը։ Գործընթացը ապահովում է համապատասխան ֆոնդերի առկայությունը, գրանցում է փոխանցումները և արժեթղթերի դեպքում ապահովում է արժեթղթի փոխանցումը գնորդին։

Ֆոնդի կառավարիչ (fund manager) - Որպես պայմանագրային ներդրումային ֆոնդ` կենսաթոշակային ֆոնդի միջոցով գումարները տրամադրում եք մասնագիտացված կառավարչին, իսկ կառավարիչը միավորում է այդ գումարները և կառավարում որպես մեկ միասնական պորտֆել՝ ի շահ ներդրողների (ի շահ ձեզ): Հայաստանում գործում են երկու ֆոնդի կառավարիչներ՝ Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ և Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա։

Ֆինանսական գործիք (financial instrument) - Ֆինանսական գործիքը   պայմանագիր   է,   որը   մի   կազմակերպությունում առաջացնում   է  ֆինանսական ակտիվ, իսկ մյուսում՝ ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք։ Հայաստանի ֆոնդային բորսայի կայքէջում կարող եք տեսնել ֆինանսական գործիքներն այստեղ։

Թարմացված է առ` 09.07.2019